Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյան

Ազատությունից զրկված է Քաղբանտարկյալ

Մեղադրանք

Պետական դավաճանություն (ՀՀ ՔՕ հոդված 418), Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը (ՀՀ ՔՕ հոդված 426)

Խափանման միջոցներ

ՏեսակԺամանակահատվածՏևողություն
Կալանք23 մայիսի 2026 – շարունակվում է

Փաստեր և հիմնավորումներ

2026թ․ մայիսի 23-ին ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ցուցակի երկրորդ համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Նրան ներկայացվել էր պետական դավաճանության և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերելու մեղադրանք։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ Ա․ Թևանյանի նկատմամբ հետապնդման հիմնական դրդապատճառը քաղաքական է։ Ստորև ներկայացնում ենք գնահատման հիմնավորումները։

Քրեական հետապնդման հարուցումը և ազատազրկումը

Ա․ Թևանյանի քրեական հետապնդումը և հետագա ազատազրկումը անմիջականորեն բխել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքից։ 2026թ․ մայիսի 20-ին Վանաձորում՝ իր ղեկավարած կուսակցության նախընտրական հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը․

Ես էսօր շատ չեմ խոսա նրանց լրտեսական կրքերի մասին, որոնց մասին էսօր խոսել եմ Լոռու մարզի տարբեր համայնքներում։ Ես այսօր ուզում եմ ուրիշ բան ասել։ Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե, ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։
[Ծափահարություններ]
Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից։

Ն․ Փաշինյան, Վանաձոր, 20․05․2026թ․

Երկու օր անց, ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) հայտարարություն տարածեց․

2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Նույն օրը Ա․ Թևանյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ձրկվեց պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից, ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց։ Հետագայում կալանավորվեց նաև Ա․ Թևանյանի թիմակից Արեգնազ Մանուկյանը՝ պետական գաղտնիքը հրապարակելու մեղադրանքով: Ըստ իրավապահների՝ վկայակոչված պետական գաղտնիքը վերաբերում է 2024թ․ ապրիլին ԱԺ-ում սահմանազատման թեմայով անցկացված փակ նիստում քննարկված հարցերին։

Մեղադրանքի փոփոխությունը

2026թ․ սեպտեմբերին Ա․ Թևանյանի գործով նախաքննությունն ավարտվեց և այն ուղարկվեց դատարան։ Նախաքննության ավարտին կազմված մեղադրական եզրակացության մեջ մի շարք հանգամանքներ էականորեն փոխվել էին։ Նախ՝ հեռացվել էր օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պնդումը։ Ըստ պաշտպանի՝ մեղադրանքը փոխվել է այնպես, որ Ա․ Թևանյանը խնդրո առարկա տվյալները փոխանցել է հասարակական կազմակերպության, ինչպես նաև եզրակացությունից հանվել էր Ա․ Թևանյանին վերագրված՝ 622 հազար դոլար ստանալու պնդումը։ Պաշտպանի խոսքերով՝ նման պնդման մասին ապացույցները բացակայել են վարույթի ամենասկզբից, իսկ գումարի չափսը վերցված էր Ա․ Թևանյանի կազմած դրամաշնորհային ծրագրի առաջարկի ֆինանսավորման նախահաշվից, որը վերջինս այդպես էլ չի ստացել։

Վարույթի գաղտնիությունը

Ա․ Թևանյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության ավելի մանրամասն քննարկումն այս փուլում անհնարին է, քանի որ այն շղարշված է «պետական գաղտնիքի» ռեժիմով։ Դատարանը մերժել էր պաշտպանական կողմի՝ դատավարությունը դռնբաց անցկացնելու միջնորդությունը։ Այսինքն՝ անգամ դատավարության այն հատվածները, որոնք չեն առնչվում պետական գաղտնիքին նույնպես անցկացվելու են ոչ հրապարակային։

Քաղաքական շարժառիթի առկայությունը վկայող փաստեր

Հանրամատչելի փաստերը համադրելով, այնուհանդերձ, ուրվագծվում է հետապնդման մեջ առկա քաղաքական շարժառիթը։

  • Նախ՝ քրեական հետապնդումը սկսվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Ն․ Փաշինյանի՝ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) տրված հրապարակային հանձնարարությունից անմիջապես հետո։

    Ն․ Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում պարբերաբար է սպառնացել քաղաքական մրցակիցներին քրեական հետապնդումներով և հաշվեհարդարներով։ Նրա սպառնալիքների թիրախում հիմնականում ընտրությունների երեք ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և ԲՀԿ առաջնորդներին էին, սակայն Ա․ Թևանյանը միակն էր, որը նախընտրական քարոզչության ընթացքում ենթարկվեց քրեական հետապնդման և ազատազրկվեց՝ Ն․ Փաշինյանի ուղիղ ցուցումից անմիջապես հետո։

    Նախընտրական շրջանում հիմնական մրցակից քաղաքական ուժերից մեկի առանցքային դերակատարին «պետական դավաճանության» մեջ մեղադրելը և ազատազրկելն ինքնին կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրողների կամքի վրա և բարձրացնել իշխող ուժի՝ ընտրություններում ավելի ձեռնտու արդյունք ստանալու հնարավորությունները։ 2026թ․ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում մրցակիցների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքների մասին մանրամասները հասանելի են 19․05․2026թ․ ՔԻՀԿ հայտարարությունում։

  • Երկրորդ՝ Ա․ Թևանյանին վերագրվող արարքի կատարման և քրեական հետապնդումը հարուցելու դրվագների միջև առկա է ժամանակային մեծ խզում, ինչը չի բխում «պետական դավաճանության» և «պետական գաղտնիք հրապարակելու» նման ծանր հանցագործություններին հակազդելու տրամաբանությունից։

    Ինչպես հաղորդել էր ՔԿ-ն՝ քրեական հետապնդումը վերաբերում է 2024թ․ ապրիլի տեղի ունեցած ԱԺ նիստին։ Թեև օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված նյութերը քրեական դատավարությունում ունեն կիրառության ժամկետային սահմանափակում (վարույթ նախաձեռնելուց առավելագույնը չորս ամիս առաջ` ծանր հանցագործության և ութ ամիս առաջ` առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար), «պետական դավաճանության» վերաբերյալ գործերով որևէ ժամկետային սահմանափակում չի գործում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասը)։ ԱԱԾ-ն չի հայտնել, թե կոնկրետ երբ են ստացվել այն տվյալները, որոնց հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Հետևաբար՝ հնարավոր չէ բացառել, որ տվյալները ձեռք էին բերվել հենց 2024թ․-ին և պահվել՝ առավել «բարենպաստ» ժամանակ քրեական հետապնդում նախաձեռնելու համար։ Ինչպես նշվեց՝ նախընտրական շրջանում քրեական հետապնդում հարուցելը բխում էր իշխող կուսակցության շահերից, իսկ ԱԱԾ-ն հանցագործության հաղորդումը ներկայացրել էր Ն․ Փաշինյանի հրապարակային ցուցումով։

  • Երրորդ՝ մեղադրանքի էական փոփոխությունը։ «Պետական գաղտնիքի» փոխանցման դիմաց մեծ գումարով վարձատրվելու մասին պնդումը կարող էր էականորեն փոխել գործի վերաբերյալ հանրային ընկալումը։ Ինչպես նշվեց՝ Ն․ Փաշինյանի և ՔԿ-ի հայտարարություններն արվել էին նախընտրական քարոզչության ընթացքում՝ ընտրություններից ընդամենը 18 օր առաջ։ Ընդդիմադիր ուժի առաջնորդներից մեկի նկատմամբ գումարի դիմաց պետական գաղտնիք փոխանցելու մեղադրանքը կարող էր էականորեն նվազեցնել ԲՀԿ-ի օգտին քվեները։ Հաշվի առնելով, որ գումար ստանալու մասն այլևս մեղադրանքում չկա, իսկ պաշտպանների պնդմամբ՝ դրա ապացույցները բացակայել են վարույթի ամենասկզբից, ապա ավելի հիմնավոր է դառնում սկզբնական փուլում (նախընտրական շրջանում) քարոզչական նպատակներով այդ պնդման ներառումը ՔԿ հայտարարության մեջ։ Դժվար է պատկերացնել, որ ԱԱԾ-ն և ՔԿ-ն չէին կարողացել պատշաճ ջանասիրությամբ ստուգել գումար ստանալու կամ չստանալու իսկությունը, հաշվի առնելով, որ վարույթը վերաբերում է երկու տարվա վաղեմության իրադարձության, սակայն գումար ստանալու հատվածը արդեն ընտրություններից հետո հերքվել է ընդամենը երեք ամիս տևած նախաքննության ընթացքում։

Այս հանգամանքները հաշվի առնելով եզրակացնում ենք, որ Ա․ Թևանյանի հետապնդման մեջ առկա է եղել ընտրությունների մասնակից ԲՀԿ-ի հանրային աջակցությունը նվազեցնելու նպատակ։ Հետևաբար՝ հարկ է գնահատել, թե արդյո՞ք քաղաքական շարժառիթը եղել է գերիշխող, թե ոչ։

Հետապնդման գերիշխող նպատակը

ՔԻՀԿ-ի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Թեև ԲՀԿ-ն ստացել էր բավարար ձայներ օրենսգրքով նախատեսված 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար՝ երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և օրենքի պահանջի խախտմամբ վերաքվեարկություն չնշանակելու արդյունքում կուսակցություն դուրս էր թողնվել խորհրդարանից։ 2026թ․ ԱԺ ընտրությունների արդյունքներին ՔԻՀԿ-ը մանրամասն անդրադարձել է 09․07․2026թ․ հայտարարությամբ։

Ընդդիմադիր երրորդ կուսակցության մուտքը խորհրդարան խափանելու արդյունքում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը, ինչը պահպանել է գրեթե ցանկացած հարցով (բացի Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխությունից և առավել կարևոր հոդվածները փոփոխելու հանրաքվեից) միանձնյա որոշումներ կայացնելու և ցանկացած պետական պաշտոնյայի ընտրելու հնարավորություն։ Նախընտրական շրջանում քաղաքական միջավայրը ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ խորհրդարանում ոչ միայն որակյալ, այլև՝ սահմանադրական մեծամասնություն ստանալը Ն․ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի համար եղել է գերնպատակ։

2026թ․ ԱԺ ընտրությունները և իշխող ուժի՝ ցանկալի արդյունքների ակնկալիքը

Նախընտրական խիստ բևեռացված շրջանում Ն․ Փաշինյանի կողմից շրջանառվող հիմնական թեզը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն էր և այն, որ դա հնարավոր է բացառապես իր ղեկավարած կուսակցության իշխանության պարագայում։ Խաղաղության հաստատումը ՔՊ նախընտրական ծրագրի հիմնական կետն էր և անգամ ներառված էր ծրագրի վերնագրում։ Այստեղ կարևոր է ուսումնասիրել, թե որոնք էին իշխող կուսակցության պատկերացմամբ խաղաղության հաստատման նախապայմանները։

Ընդհանրացրած՝ երեք առավել մեծ թվով քվե ստացած ընդդիմադիր քաղաքական ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներ և ԲՀԿ) Ն․ Փաշինյանն անվանում էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն», պնդելով, որ նրանք չպետք է անցնեն խորհդարան։ Այս թեզը համահունչ էր Փաշինյանի հայտարարությանը, որ իր ղեկավարած ուժի կողմից խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն (պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը) չունենալու պարագայում 2026թ․ սեպտեմբերին «աղետաբեր պատերազմ» էր լինելու։

Սահմանադրական մեծամասնության և «աղետաբեր պատերազմի» կապը բխում է Ն․ Փաշինյանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու և դրանում Անկախության հռչակագրին կատարվող հղումը վերացնելու նպատակից։ Այս թեզը Փաշինյանը և իր թիմակիցները շրջանառում էին նախորդ տարիներից, պնդելով, որ Անկախության հռչակագրում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը կատարված հղումը կարող է Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի պատճառ դառնալ։ Սահմանադրության փոփոխությունը որպես խաղաղության պայմանագրի նախապայման է դիտարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

«Պաշտոնապես խաղաղության համաձայնագիր չստորագրվեց մեկ կոնկրետ պատճառով՝ Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր»։

Ի․ Ալիև, հարցազրույց «Ալ Արաբիա»-ին (թարգմանությունը՝ «Ազատություն Ռադիոկայան»-ի հոդվածից)

Ինչպես պարզ դարձավ հետընտրական շրջանում՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի ուղիղ պահանջները շրջանցող Կենտրոնական ընտրական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում (թիվ 10/51, 35/65 և 12/13 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու և օրենքի խախտմամբ վերաքվեարկություն չնշանակելու) ԲՀԿ-ն ոչ իրավաչափորեն դուրս մնաց խորհրդարանից՝ ընդամենը 156 ձայնի տարբերությամբ չհաղթահարելով անցողիկ 4 տոկոսի շեմը։ Երրորդ ընդդիմադիր ուժի՝ խորհրդարանից դուրս մնալու արդյունքում պատգամավորական մանդատները բաշխվեցին այնպես, որ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը թեև չստացավ սահմանադրական մեծամասնություն, սակայն ձեռք բերեց պատգամավորների երեք հինգերորդից ավելին (որակյալ մեծամասնություն)։ 2026թ․ ԱԺ ընտրությունների արդյունքներին ՔԻՀԿ-ը մանրամասն անդրադարձել է 09․07․2026թ․ հայտարարությամբ։

Առանց սահմանադրական մեծամասնության (երկու երրորդի) ՔՊ-ն չի կարող միանձնյա նախաձեռնել Սահմանադրության փոփոխություն։ Սակայն նախընտրական և հետընտրական զարգացումներն ուղղակիորեն վկայում են, որ դրա հասնելը եղել է գերնպատակ, որի ընթացքում էականորեն խախտվել են Ընտրական օրենսգրքի կարգավորումները, կարողանալով ապահովել իշխող ուժի առնվազն որակյալ մեծամասնություն (երեք հինգերորդ)։ Ընդդիմադիր կուսակցության ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող քաղաքական գործչի (Ա․ Թևանյանի) դեմ «պետական դավաճանության» մեղադրանքի ներկայացումը նախընտրական շրջանում (ընտրություններից ընդամենը 18 օր առաջ) չէր կարող ազդեցություն չունենալ ընտրողների կամքի վրա, առավել ևս հաշվի առնելով, որ իշխող կուսակցության որակյալ մեծամասնություն ստանալը պայմանավորված էր ընդամենը ԲՀԿ-ի՝ անցողիկ շեմն ընդամենը 156 ձայնի տարբերությամբ չհաղթահարելու հանգամանքով։ Այս համատեքստում մեղադրանքի մի շարք «ծանրացնող հանգամանքների»՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելը, պետական գաղտնիք փոխանցելու դիմաց գումար ստանալու պնդումների հետագա հեռացումն իր հերթին վկայում է, որ դրանք ի սկզբանե ներառվել էին քարոզչական նպատակով՝ ընտրություններին ԲՀԿ աջակցությունը նվազեցնելու համար։ ՔԻՀԿ գնահատմամբ՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդման գերիշխող նպատակը դա է։

Հետապնդման քաղաքական դրդապատճառները

● Նվազեցնել ընտրությունների մասնակից Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրային աջակցությունը։
● Փորձել «լեգիտիմացնել» ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը և իշխող ՔՊ կուսակցության՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալը։

Լրացուցիչ տեղեկություններ

Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը