Արթուր Ավանեսյան

Արթուր Ավանեսյան

Մեղադրանք

Ընտրակաշառք տալը (ՀՀ ՔՕ հոդված 219), երկու դրվագ

Խափանման միջոցներ

ՏեսակԺամանակահատվածՏևողություն
Կալանք27 ապրիլի 2026 – 25 հունիսի 2026
Տնային կալանք25 հունիսի 2026 – 23 սեպտեմբերի 2026
Վարչական հսկողություն23 սեպտեմբերի 2026 – շարունակվում է

Փաստեր և հիմնավորումներ

2026թ․ ապրիլի 27-ին ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախցի սպա Արթուր Ավանեսյանը։ Նրան ներկայացվել էր երկու դրվագով ընտրակաշառքի առաջարկ և խոստում տալու մեղադրանք։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ Ա․ Ավանեսյանի նկատմամբ հետապնդման հիմնական դրդապատճառը քաղաքական է և նա ազատությունից զրկվել է այլոց համեմատ խտրական կերպով։ Ստորև ներկայացնում ենք գնահատման հիմնավորումները։

Առաջին գաղտնալսումը

Ապրիլի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) հրապարակել էր գաղտնալսում, որտեղ Ա․ Ավանեսյանը արցախյան բարբառով խոսում է իր աջակիցների հետ։

Ձայնագրության դրվագներից մեկում զրուցակից Ա․Ի․-ի հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է իր ասածը՝ բանակում պաշտոն տալու վերաբերյալ, Ավանեսյանը պատասխանել է, որ իր «ամեն ասածը լինելու է» (ՀԿԿ-ի վերծանածը արցախի բարբառով՝ «Ես ինչ ասալ ըմ, լոխ ինան ա»)։ Մեկ այլ դրվագում՝ զրուցակից Գ․Զ․-ի դիտարկմանը, որ ցանկանում է «ընդգրկվել այդ շարքերը, որպեսզի հետագայում կարողանա մի տեղ աշխատանք գտնել», Ավանեսյանը պատասխանել է․

«Հետագա գործի մասին մտածում ենք։ Դուք մեզ ընտրեք՝ չարչարվեք, ընտրեք, համ գործը կլինի, համ հողը կլինի, համ տունը կլինի» (ՀԿԿ-ի վերծանածը արցախի բարբառով՝ «հետագա գործի մասին մտածում մըք։ Տուք մեզ ընտրեցիք, չարչարվեցիք, ընտրեցիք, համ գործն ա իննան, համ հողն ա իննան, համ տոնն ա իննան»)։

Երկու զրույցների այս հատվածները գնահատվել են՝ որպես ընտրակաշառքի խոստում (տե՛ս ՀԿԴ/0135/01/26 վարույթի մանրամասները Datalex.am համակարգում)։ Հատկանշական է, որ Հայաստանում 20․000 մատչելի բնակարան, 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելը և համանման սոցիալական ծրագրեր իրականացնելը Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրում ներառված խոստումներից էին։

Գաղտնալսման մյուս հատվածները։

Ա․ Ավանեսյանի նկատմամբ հետապնդումը գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել գաղտնալսումների նաև այլ հատվածները և անդրադառնալ նախընտրական շրջանում ՀԿԿ-ի հրապարակված գաղտնալսումների տրամաբանությանը։ Ընտրություններից հետո՝ հունիսի 10-ին, ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը պնդել էր, որ իր ղեկավարած կառույցի հրապարակած գաղտնալսումները բացառապես վերաբերել են ընտրակաշառքի դեպքերին։ Ազգային Ժողովում ճեպացրույցի ժամանակ լրագրողների հարցերին, թե արդյո՞ք գաղտնալսումներում մոնտաժված կամ կոնտեքստից կտրված չեն, Ա․ Նահապետյանը պատասխանել էր․

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձայնագրություն չկա, որևէ հրապարակված ձայնագրության որևէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի։ Այսինքն՝ հրապարակվել են ձայնագրությունների էն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն՝ տվյալներ ա պարունակում, որ ինքը պատկանում է էս կամ այն քաղաքական ուժին և խոսակցությունը վերաբերվել է կոնկրետ ընտրակաշառքին։»

Արթուր Նահապետյան, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (հունիսի 10, 2026թ․)

Սակայն Ա․ Ավանեսյանի գաղտնալսման այլ հատվածները ակնհայտորեն կապ չունեն ենթադրյալ ընտրակաշառքի հետ։ Օրինակ՝ ձայնագրության ամենասկզբում ներկայացված է զրուցակից Օ․Ս․-ի հետ հետևյալ խոսակցությունը։

ՀԿԿ-ի վերծանածը՝ Արցախի բարբառով
Օ․Ս․ - Հի՞նչ կա, հի՞նչ չկա, հի՞նչ ըք անում, հի՞նչ ըք թողում
Ա․ Ավանեսյան - Սկի, գործի տոն։
Օ․Ս․ - Քյամըս դըղ կյա՞մ։
Ա․ Ավանեսյան - Հա։
Օ․Ս․ - Փող ը՞ն տամ, բայց։
Ա․ Ավանեսյան - Հա։
Օ․Ս․ - Դե կարևորը տայա, թաքի փող տան։
Ա․ Ավանեսյան - Հա։

Գրական հայերեն
Օ․Ս․ - Ի՞նչ կա, ինչ չկա, ինչ եք անում։
Ա․ Ավանեսյան - Ոչ մի բան, գործից՝ տուն։
Օ․Ս․ - Գնում ես այնտեղ, գալի՞ս։
Ա․ Ավանեսյան - Հա։
Օ․Ս․ - Փող տալիս ե՞ն բայց։
Ա․ Ավանեսյան - Հա։
Օ․Ս․ - Դե կարևորը դա է, գոնե փող տան։
Ա․ Ավանեսյան - Հա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դեռևս մարտին հայտարարել էր, որ Արթուր Ավանեսյանը իրենց անվտանգության թիմի ղեկավարն է, հետևաբար՝ տրամաբանական է դաշինքի օգտին կատարված աշխատանքի համար վարձատրվելը։ Ձայնագրության այլ դրվագներում Ավանեսյանի զրուցակիցները պատրաստակամություն են հայտնում աջակցել «Ուժեղ Հայաստան» դաշինքին, սակայն հարկադրանքի կամ ֆինանսական հատուցման որևէ ակնարկ այդ հատվածներում չկա (գաղտնալսումը՝ ՀԿԿ վերծանումով հասանելի է այստեղ)։ Հետևաբար՝ խոսակցության այդ հատվածների ներառումը հրապարակված գաղտնալսման մեջ չի բխում ՀԿԿ նախագահի պնդումից, որ դրանք համատեքստից կտրված չեն և վերաբերում են միայն ընտրակաշառքի դեպքերին։ Հետևաբար՝ դրանց հրապարակման տրամաբանությունը բխում է ոչ թե ենթադրյալ ընտրախախտումների մասին հանրությանը իրազեկելու գործառույթից, այլ հետապնդում է այլ նպատակ։

ՀԿԿ-ի կողմից գաղտնալսումները իշխող կուսակցության մրցակիցների դեմ քարոզչական նպատակներով օգտագործելը ավելի ակնհայտ է Ավանեսյանին առնչվող երկրորդ գաղտնալսման բովանդակությունից։

Երկրորդ գաղտնալսումը

Մայիսի 20-ին ՀԿԿ-ն հրապարակեց ևս մեկ գաղտնալսում, որն անուղղակիորեն առնչվում է Ա․ Ավանեսյանին։ Ձայնագրությունը բաղկացած է չորս կտրված և իրար միացված հատվածներից, որտեղ երկու հոգի քննարկում են Ա․ Ավանեսյանին՝ օգտագործելով վերջինիս զինվորական մականունը («Կանդազ»)․

ՀԿԿ-ի վերծանածը՝ Արցախի բարբառով
Ա․ - Կըսե ախպեր 2-3 գնդապետ, կըսին օր ինքը պիղծ ա։
Է․ - Էդի ում մասին է խոսքը։
Ա․ - Կանդազի։
Է․ - Հիմա խոսքի ըսենք էդ նույն տղերքը ախպեր, էդ նույն տղերքը Կանդազի հետ են, որտև գիտեն, որ էգուց Կանդազը մի հատ պաշտոնի ա դառնալու դրանց տանի, որ չտարավ, սաղ․․․
Ա․ - Էդի պա լյուբոմու պդի էդմա էղնի, Գոհարն օր հելերե։
Է – Ո՞վ։
Ա․ - Գոհարը, մեր Գոհարն, էն աղջիկն, ըսինք, լավ, մինիմումն ինք պդի դառնա Սփյուռքի նախարար։
[Առաջին հատվածի ավարտը]
Ա․ - Քառօրյային ու՞ր է եղել։
Ա․ - Մարդու անունը դրած է պատերազմի հերոս, կուզիմ հասկնամ որ մի զասլուգի համար։
Ս․ - Բա դուք դրել եք, դուք ձեզի մեղադրիք։ Դուք չի՞ք դրի պատերազմի հերոս, ընկեր, ձեզնե՞ չի եղել, վայ արա։
[Երկրորդ հատվածի ավարտը]
Ս․ - Կըսեմ մենք ենք սարքի պատերազմի հերոս, Արեգան ա սարքի։ Պատերազմի հերոսները, բրատ, արի տանեմ ցույց տամ, ելնենք Եռաբլուր ցույց տամ։
[Երրորդ հատվածի ավարտը]
Ա․ - Երեկ, որ իրան բռնել են, Մարտակերտի միլպետը իմ մոտն էր, պահեստ, կըսե ես ենթադրում եմ իրան բռնում են Դանիելյան Նորիկի գործով։
Ա․- Ինքը 1991 թվին Դանիելյան Նորիկն եղել ա Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջի կամավոր հրամանատար,
Ա․ - Դանիելյան Նորիկ, զամն Դանիելյան Նորիկին կհակաճառե, Կանդազին կըսե կրակա, հանե գլխից զարկերե։
Ա․ - Ըսենք ինչ կապ ունի մարդը, էնքան մարդը մարդ սպանի։
[Չորրորդ հատվածի ավարտը]

Այս հատվածների ներառումը կրկին հակասում է Ա․ Նահապետյանի պնդմանը, որ ՀԿԿ-ն հրապարակում է միայն կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ գաղտնալսումներ։ Դրա չորս առանձին կտորից բաղկացած լինելը վկայում է, որ ՀԿԿ ինչ-որ ծառայող կատարել է ձայնագրության հատվածների կոնկրետ ընտրություն և իրար կցելու աշխատանք։ Գաղտնալսման բովանդակությունը անհայտ անձանց կողմից ասեկոսեներ են, որոնց նպատակը Ա․ Ավանեսյանի վարկաբեկումն է, իսկ Datalex.am-ում առկա Ա․ Ավանեսյանի դեմ ընթացող քրեական վարույթի նյութերում որևէ այլ մեղադրանք, բացի ընտրակաշառք տալուց, չկա։

Հետապնդման իրական նպատակը

Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանն են վերապահված միայն ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթերը (տե՛ս «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը)։ Սակայն մայիսի 20-ին հրապարակված գաղտնալսման մեջ Ա․ Ավանեսյանին վերագրվող որևէ կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին խոսք չկար։ Փոխարենը ՀԿԿ-ն հրապարակել էր Ա․ Ավանեսյանի՝ որպես զինվորականի հեղինակությունը հարցականի տակ դնող անձանց անձնական խոսակցություն, որտեղ վերջինիս մեղադրում են սպանության մեջ։ Ի դեպ, գաղտնալսման մեջ նշված անձը՝ Ն․ Դանիելյանը, 1991 թ․-ին չի եղել Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար․ նա 1990 թ․-ին ԽՍՀՄ ուժայինների կողմից ձերբակալվել էր և մինչև 1992 թ․-ի վերջը գտնվել է Շուշիի և Բաքվի բանտերում։

ՔԻՀԿ-ի գնահատմամբ՝ անհայտ անձանց կողմից Ա․ Ավանեսյանի ռազմական ուղու և անցյալի վերաբերյալ ասեկոսեների դիտավորյալ հրապարակումը նախընտրական քարոզչության ընթացքում հետապնդում է զինվորականին վարկաբեկելու նպատակ՝ այդ կերպ փորձելով նվազեցնել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակցությունը։

Խտրական հետապնդումը՝ այլոց համեմատ

Անկախ Ա․ Ավանեսյանի մեղադրանքի փաստական հիմքից՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է այլոց համեմատ խտրական եղանակով։ 2026թ․ Ազգային Ժողովի ընտրությունների համատեքստում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների կասկածով հետապնդվել և կալանավորվել են հարյուրից ավելի՝ բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ և աջակիցներ, մինչդեռ համանման հանցանքի արժանահավատ վկայության պայմաններում իշխանությունների աջակիցների նկատմամբ առհասարակ քրեական հետապնդում չի հարուցվել։

Նման վկայություններից էր դեռևս ապրիլի 27-ին «Ականատես» դիտորդական առաքելության ահազանգը, որը հետագայում ներառվել էր առաքելության նախնական տեղեկանքում։ Ըստ ահազանգի՝

«2026թ. ապրիլին Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից իրականացվել են ոչ պաշտոնական հանդիպումներ Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաեւ գործարարների հետ։ Հանդիպումներն անցկացվել են ինչպես մաքսատան տարածքում, այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվել են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք:»

Չնայած ահազանգի հստակությանը, ՀԿԿ-ն ոչ միայն չի իրականացրել և հրապարակել «գաղտնալսումներ», ինչպես ընդդիմության օգտին ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերում, այլև դեպքի առթիվ վարույթ առհասարակ չի հարուցվել։ Նախընտրական և հետընտրական շրջանում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների առնչությամբ ուժային կառույցների հայեցողական և խտրական գործելաոճին վերաբերյալ մանրամասները հասանելի են 09․07․26թ․ «Հայաստանում նախընտրական ու հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը եվ ընտրությունների արդյունքները» ՔԻՀԿ հայտարարությունում։

Նման պայմաններում Ա․ Ավանեսյանի նկատմամբ քրեական հետապնդման շրջանակներում կալանքի և տնային կալանքի կիրառումը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշում նկարագրված իրավիճակին․

«Իր անձնական ազատությունից զրկված անձը պետք է համարվի «քաղբանտարկյալ».
[…]
d) եթե անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել քաղաքական դրդապատճառներով»

Հետապնդման քաղաքական դրդապատճառները

  • Նվազեցնել 2026թ․ ԱԺ ընտրությունների մասնակից «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրային աջակցությունը։

Լրացուցիչ տեղեկություններ

Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը