Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան

Ազատությունից զրկված է Քաղբանտարկյալ

Մեղադրանք

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն (ՀՀ ՔՕ hոդված 297, մաս 2), քննիչի, քննչական մարմնի ղեկավարի մասին արատավորող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ (490-րդ հոդվածի 2-րդ մաս)

Խափանման միջոցներ

ՏեսակԺամանակահատվածՏևողություն
Կալանք07 հոկտեմբերի 2026 – շարունակվում է

Փաստեր և հիմնավորումներ

2026թ․ հոկտեմբերի 7-ին ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը։ Նրան ներկայացվել էր խուլիգանության և իրավապահի (Ազգային անվտանգության ծառայության) մասին արատավորող տեղեկություն հրապարակելու մեղադրանք։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ Ա․ Դանիելյանի մեղադրանքը, հետևաբար՝ ազատազրկումը հիմնված չեն օրենքի վրա, իսկ հետապնդման դրդապատճառը քաղաքական է։ Ստորև ներկայացնում ենք գնահատման հիմնավորումները։

Առաջին մեղադրանքը

Առաջին մեղադրանքը վերաբերում է Ա․ Դանիելյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումներին, որոնք իրավապահ մարմինների կողմից գնահատվել են «խուլիգանություն»։ Ա․ Դանիելյանի կալանավորումից ի վեր չկա պաշտոնական հայտարարություն, թե կոնկրետ ո՞ր գրառումներն են այդպիսին գնահատվել։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են քաղաքական մեկնաբանությունները, իշխանությունների գործելաոճի քննադատությունները՝ երբեմն մանրամասն վերլուծություններով, երբեմն՝ սուր և կոշտ բառերի ընտրությամբ։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նախկինում անդրադարձել է «խուլիգանություն» հանցակազմի՝ որպես իշխանության դեմ կոշտ քննադատության դեմ կիրառվող գործիքի։ Վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացված է, ընդ որում՝ երկու անգամ․ հին քրեական օրենսգրքում վիրավորանքը ապաքրեականացվել էր 2010 թվականին, իսկ նորում՝ 2021-ին ավելացված «ծանր վիրավորանքն» ապաքրեականացվել էր 2022-ին: Սակայն բազմաթիվ դեպքերում իշխանության կամ որևէ պաշտոնյայի դեմ հայհոյանքի կիրառումը ինքնին գնահատվել է որպես խուլիգանություն, ինչը օրենքի կամայական և ոչ իրավաչափ մեկնաբանություն է։ Մանրամասները հասանելի են 12․04․2024թ․ «Հանցանք» առանց օրենքի․ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը ՔԻՀԿ զեկույցում (էջ․ 3-10)։

Թվային տիրությում արված գրավոր արտահայտությունները «խուլիգանություն» որակելը գրաքննության գործիքի է վերածում առանց այն էլ լայն, ոչ հստակ և արխայիկ հանցակազմը։ Հետխորհրդային մի շարք երկրների քրեական օրենքներում հանդիպող այս հանցակազմի ակունքները ի հայտ են եկել ուշ ցարական Ռուսաստանի և վաղ ԽՍՀՄ ժամանակաշրջանում, որն ուղղակիորեն կապված էր հասարակական վայրերում տվյալ ժամանակաշրջանում որոշակի անընդունելի վարքագծի հետ, ինչն իր հերթին ուներ «դասակարգային» պատկանելիության տարր և ուղղված էր հասարակական կարգի դեմ (Wurst, Noelle, Power, Punk, and Performance: A Critical Analysis of Hooligan Laws in Russia (2019). Honors Program Theses. 94., էջեր 18–27)։ «Խուլիգանը» այն անձն էր, որը հրապարակայինորեն ծաղրում էր դասակարգերի վերացման խորհրդային գաղափարները՝ հարբածությամբ, բռնությամբ, դեբոշիրությամբ եւ «բարոյականության պակասով» (Wurst, էջ 25)։ Բայցի այդ, խուլիգանությունը պետք է արտահայտվի հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով․ եթե անգամ տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում, սակայն դա չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ապա այն չի կարող որակվել որպես խուլիգանություն (տե ՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԱՎԴ/0014/01/11 քր. գործով, 17-րդ կետ)։

Այս հայեցակարգը մեխանիկորեն տեղափոխելով առցանց տիրույթ, փաստացի ստեղծելով «առցանց խուլիգանության» հանցակազմը, հաշվի չեն առնվում ոչ վերջինիս դրսևորման, ոչ էլ առցանց տիրույթի առանձնահատկությունները։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ առցանց տիրությում պաշտոնյաների կոշտ քննադատությունը, անգամ վիրավորական արտահայտությունների կիրառությամբ, չի կարող գնահատվել խուլիգանություն․

  • Առաջին՝ սոցիալական ցանցերը ստեղծված են մասնակվոր կազմակերպությունների կողմից, նրանց նախանշած վարքագծի կանոններով, դրանցում տեղեկատվությունը տարածվում է անկախ պետական սահմաններից և օգտատերն ինքն է որոշում, թե ինչ տեղեկատվության աղբյուրներ կարդա կամ ում հետևի։ Այս տիրությում «խուլիգանություն» հանցակազմի համար էական հասկացությունները, ինչպիսիք են հասարակական կարգը և հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը, չեն կարող նույն կերպ մեկնաբանվել, ինչպես իրական վայրերի պարագայում, իսկ քրեական օրենքում հանցակազմերի նկատմամբ անալոգիա կիրառելն արգելվում է (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածը)։

  • Երկրորդ՝ Հայաստանում վիրավորանքից քրեական օրենսգրքով պաշտպանված են միայն դատավորները և Մարդու իրավունքների պաշտպանը և բացառապես այն դեպքում, երբ վիրավորանքը պայմանավորված է նրանց պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասը և 494-րդ հոդվածը)։ Վիրավորանքի (կրկնակի) ապաքրեականացման պայմաններում կոշտ բառապաշարի կամ հայհոյանքի դեմ օրինական պաշտպանության միակ միջոցը քաղաքացիական հայցն է՝ վիրավորանքի կամ զրպարտության հիմքով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1.)։ Ընդ որում՝ կառավարության և պետական պաշտոնյաների վերաբերյալ համանման արտահայտությունների պարագայում թույլատրելի քննադատության շեմն ավելի բարձր է, քան այլ քաղաքացիների (տե՛ս, ի թիվս այլնի, Լոմբարդոն և այլոք ընդդեմ Մալթայի, (Lombardo and others v Malta), թիվ 7333/06, պարբ․ 54, ՄԻԵԴ, 24.04․2007թ.):

Ինչպես նշվեց՝ քննչական մարմինների կողմից հրապարակայնորեն բացահայտված չէ, թե Ա․ Դանիելյանի ո՞ր գրառումների հիմքով է նրա դեմ քրեական հետապնդման հետապնդում հարուցվել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա առաջին և երկրորդ անձնական էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ա․ Դանիելյանը մշտապես քաղաքական մեկնաբանություններ և վերլուծություներ է հրապարակում, որի շրջանակներում երբեմն կոշտ բառապաշարով քննադատում է իշխանություններին և պետական պաշտոնյաներին։ Մենք չենք գտել որևէ գրառում, որը կարող է համապատասխանել «խուլիգանություն» հանցակազմի վերը նկարագրված պայմաններին։

Հակառակի հիմնավորման բացակայության պայմաններում Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գտնում է, որ Ա․ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը «խուլիգանության» մասով հիմնված չէ օրենքի վրա, հետևաբար՝ իրավաչափ չէ։

Երկրորդ մեղադրանքը

Ա․ Դանիելյանին ներկայացված երկրորդ մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հիմքով է։ Այս հոդվածը նախատեսում է պաշտպանություն մի շարք հանրային ծառայողների, դատավարության մասնակիցների և նրանց մերձավորների համար՝ ընդդեմ արատավորող կամ վնասող տեղեկությունների հրապարակման, դրա սպառնալիքի, կամ նրանց նկատմամբ բռնության, գույքը վնասելու սպառնալիքների։

Ինչպես առաջին մեղադրանքի, այնպես էլ այս պարագայում իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն և քրեական հետապնդման հիմք հանդիսացած ֆեյսբուքյան կոնկրետ գրառման մասին տեղեկություն ի սկզբանե չի հրապարակվել։ Ա․ Դանիելյանի պաշտպանի խոսքերով՝ մեղադրանքը ներկայացվել է ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) «արատավորելու» պատճառով։

ԱԱԾ-ին՝ որպես պետական մարմնի արատավորելու հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Օրենսգրքի 490-րդ հոդվածը, որով մեղադրվում է Ա․ Դանիելյանը, վերաբերում է կոնկրետ պաշտոնյայի (օրինակ՝ ԱԱԾ քննիչի) մասին արատավորող տեղեկության հրապարակմանը (հոդվածի 2-րդ մաս) կամ դրա սպառնալիքին (հոդվածի 1-ին մաս)։ Բազային հանցակազմից դա ավելի քան պարզ է․ հոդվածի 1-ին մասը վերաբերում է նման պաշտոնյաների վերաբերյալ արատավորող տեղեկություն հրապարակելու սպառնալիքին՝ պայմանավորված նրանց ծառայողական գործունեությամբ։ Այսինքն՝ հանցանքը կկատարվի, եթե, օրինակ՝ որևէ քրեական վարույթով մեղադրյալը փորձի քննիչին «շանտաժ» անել, որպեսզի վերջինս իր օգտին որոշակի գործողություն կատարի։

Ա․ Դանիելյանին վերագրվող հանցակազմի կիրառելի հատվածն ունի այս տեսքը․

[…] քննիչի, քննչական մարմնի ղեկավարի […] մասին արատավորող […] տեղեկություն հրապարակելը […]՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

Facebook սոցիալական ցանցում Ա․ Դանիելյանի անձնական էջերի (առաջին և երկրորդ) ուսումնասիրությամբ չենք կարողացել գտնել որևէ գրառում, որտեղ արատավորող կամ վնաս պատճառող տեղեկություն հրապարակված լինի ԱԱԾ որևէ քննիչի վերաբերյալ։ Փոխարենը առկա են գրառումներ, որտեղ Ա․ Դանիելյանը քննադատում է ԱԱԾ-ի՝ որպես ուժային կառույցի աշխատանքը։ Դրանցից մեկը՝ արված 2026թ․ հոկտեմբերի 2-ին, վերաբերում է Շաքի գյուղում բնակչի տուն ներխուժած և երեխաների ներկայությամբ մորը հրազենով վիրավորած ադրբեջանցի զինվորի միջադեպին․

Ըհը… սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները բարեհաջող լքեն Հայաստանի տարածքը (դեպի Կովսական դուրս գալով) ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա, սաղ սուտ ա: Մինչև դուրս գալը դուխ չէին անում ոչ հերքեն, ոչ էլ բռնեն: Մնում ա մի դիակի հարց փակի տակ պահեն…
Արթուր Դանիելյանի 02.10.2026թ․ ֆեյսբուքյան գրառումը

Այս և նման գրառումները քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի իմաստով չեն կարող համարվել հանցագործություն։ Այն վերաբերում է ոչ թե ԱԱԾ-ի կոնկրետ քննիչի, այլ ամբողջ ուժային կառույցին։ Ավելին՝ քննադատությունն ակնհայտորեն պայմանավորված է ոչ թե քննիչների օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեությամբ, այլ հանրային հետաքրություն ներկայացնող հարցի շուրջ դատողությամբ։ Նման դեպքերում արտահայտման ազատությունը ոչ միայն քրեականացված չէ, այլև այն առհասարակ սահմանափակելու ոլորտը շատ ավելի նեղ է (տե՛ս Ոuինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության (Wingrove v. UK), թիվ 17419/90, պարբ․ 58, ՄԻԵԴ, 25.11.1996թ.):

Ինչպես նշվեց՝ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն և ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քրեական հետապնդման հիմք հանդիսացած ֆեյսբուքյան կոնկրետ գրառման մասին տեղեկություն ի սկզբանե չի հրապարակվել։ Մեր ուսումնասիրությունը չի վերհանել այնպիսի գրառում, որը կհամապատասխաներ վերագրվող հանցակազմին։ Հակառակի հիմնավորման բացակայության պայմաններում Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գտնում է, որ Ա․ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2 մասով հիմնված չէ օրենքի վրա, հետևաբար՝ իրավաչափ չէ։

Հետապնդման քաղաքական բնույթը

Ինչպես նշվեց՝ Ա․ Դանիելյանին մեղադրանքի համատեքստում նրա իրավունքների սահմանափակումը հիմնված չէ օրենքի վրա, հետևաբար՝ չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ։ Մեղադրանքի հիմք հանդիսացած գրառումները (հակառակի պնդման բացակայության պայմաններում) վերաբերում են իշխանություններին, ներառյալ՝ ԱԱԾ-ին ուղղված քննադատությանը, որոնք որքան էլ կոշտ լինեն, չեն կարող քրեական հետապնդման հիմք լինել։ Բացի այդ, Ա․ Դանիելյանի նկատմամբ կիրառվել է հնարավոր ամենախիստ խափանման միջոցը՝ կալանք, տեսակցությունների արգելքով (բացառությամբ պաշտպանի հետ)։ Այս հանգամանքներն ինքնին բավարար են, որպեսզի վերհանվի հետապդնման քաղաքական դրդապատճառը՝ սահմանափակել քաղաքական քննադատությունը և պատժել քաղաքական խոսքի համար։

Ա․ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդման շրջանակներում կալանքի կիրառումը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) a չափանիշում նկարագրված իրավիճակին․

«Իր անձնական ազատությունից զրկված անձը պետք է համարվի «քաղբանտարկյալ». […]
а) Եթե անձը ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ, մասնավորապես խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության։

Հետապնդման քաղաքական դրդապատճառները

● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։

● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։

Լրացուցիչ տեղեկություններ

Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը