Արթուր Օսիպյան

Արթուր Օսիպյան

Մեղադրանք

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն (ՀՀ ՔՕ հոդված 297, մաս 2), Քարոզչություն կատարելուն խոչընդոտելը (ՀՀ ՔՕ hոդված 211), բռնության հրապարակային կոչերը (ՀՀ ՔՕ հոդված 330, մաս 2).

Խափանման միջոցներ

ՏեսակԺամանակահատվածՏևողություն
Կալանք18 մայիսի 2026 – 10 հունիսի 2026

Փաստեր և հիմնավորումներ

2026թ․ մայիսի 18-ին արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը մոտեցել էր նախընտրական քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին և, վերջինիս համաձայնությամբ, մի շարք հարցեր ուղղել և քննադատել։ Հարցերը վերաբերում էին Արցախյան հարցի բանակցային գործընթացին, որը դադարեցվել էր Փաշինյանի վարչապետության օրոք, ինչպես նաև 2023թ․ Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանմանը նախորդող շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։ Խոսակցության որոշակի փուլում Փաշինյանի թիկնապահներն ու աջակիցները ուժով հեռացրել էին Օսիպյանին, իսկ Փաշինյանը նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։

Ա․ Օսիպյանին ներկայացվել էր մեղադրանք 3 տարբեր հոդվածներով, իսկ մայիսի 21-ին նրան կալանավորել էին։

1․ Քարոզչություն կատարելուն խոչընդոտելը (հոդված 211)

ՀՀ քննչական կոմիտեն Փաշինյանին հարցեր տալը մեկնաբանել էր որպես նախընտրական քարոզչության բնականոն ընթացքի խոչընդոտում։ Ամբողջ միջադեպն արձանագրված է տեսանյութում, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Փաշինյանը համաձայնում Օսիպյանի հարցերին պատասխանել։ Բանավեճն ավարտվել էր նույնպես Փաշինյանի նախաձեռնությամբ՝ վերջինիս թիկնապահներն ու աջակիցները ուժով հեռացրել էին Օսիպյանին։ Նման իրավիճակում նախընտրական քարոզչության բնականոն ընթացքի խոչընդոտման մեղադրանքը զուրկ է ցանկացած փաստական և իրավական հիմքից։

2․ Խուլիգանության մեղադրանքը (հոդված 297)

«Խուլիգանության» հանցակազմը ենթադրում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Եթե նման վերաբերմունքը բացակայում է, ապա արարքն ինքնին չի կարող որակվել որպես խուլիգանություն։

Ա․ Օսիպյանը քարոզարշավի վայր էր ժամանել գործող վարչապետին (միաժամանակ՝ վարչապետի թեկնածուին) հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ հարցեր տալու նպատակով, ինչը հոժարակամ ընդունվել էր վերջինիս կողմից։ Ավելին՝ Արցախյան հարցի, առավել ևս ինքնորոշման իրավունքի համատեքստում հարցեր տալը մի քաղաքական ուժի թեկնածուի, որն այն համարում է փակված և արգելում դրա մասին խոսելը ավելի քան տրամաբանական է, երբ նույն քաղաքական ուժը 2021թ. ընտրությունների նախընտրական ծրագրում «արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը» ներկայացրել էր որպես արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նման իրավիճակում վարչապետի (թեկնածուի) դիրքորոշման հստակեցման շուրջ հարցերն ամբողջությամբ իրավաչափ և հիմնավոր են։ Բացի այդ՝ Ա․ Օսիպյանը ողջ բանավեճի ընթացքում Փաշինյանին դիմել է հարգալից, մինչդեռ նույնը հնարավոր չէ պնդել վերջինիս պարագայում։ Հետևաբար՝ «խուլիգանական դրդումների» որևէ հիմնավորում առկա չէ։ Ավելին՝ Ա․ Օսիպյանի և Ն․ Փաշինյանի խոսակցությունն ավարտվում է այն պահին, երբ վերջինիս թիկնապահներն ու աջակիցները քաշքշելով հեռացնում են Օսիպյանին, իսկ Փաշինյանը վիրավորում է նրան։ Եթե տվյալ միջադեպում առկա է որևէ հակաիրավական արարք, ապա բացառապես Փաշինյանի կամ նրա աջակիցների գործողություններում։

3․ Բռնության հրապարակային կոչերը (հոդված 330)

Այս մեղադրանքը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, վերաբերում է Ա․ Օսիպյանի՝ 2026 թվականի մարտի 22-ին կատարված ֆեյսբուքյան գրառմանը։ Օսիպյանին վերագրված գրառումներում առկա չէ 330-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պաշտպանվող հատկանիշը՝ թիրախի քաղաքական հայացքներով պայմանավորված լինելը, հետևաբար՝ առկա չէ ատելության խոսք։ Նրա ձևակերպումներից պարզ է, որ կոշտ խոսքերի և քննադատության պատճառն իր ընկալմամբ Փաշինյանի վարած քաղաքականությունն է և արված հայտարարությունները։

ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածի ոչ իրավաչափ կիրառման գործելաոճի, ինչպես նաև Ա․ Օսիպյանի հետապնդման մանրամասն նկարագրությունը և պնդումների հիմնավորումները հասանելի են 03․06․2026թ․ «Ատելության խոսքի» հոդվածները՝ քաղաքական հետապնդման գործիք հատուկ զեկույցում։

Հետապնդման քաղաքական դրդապատճառները

● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։

● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։

Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը