
Ավետիք Չալաբյան
Մեղադրանք
Ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն (ՀՀ ՔՕ 43-210, մաս 2)
Խափանման միջոցներ
| Տեսակ | Ժամանակահատված | Տևողություն |
|---|---|---|
| Կալանք | 24 հունիսի 2026 – 21 օգոստոսի 2026 |
Փաստեր և հիմնավորումներ
2026թ․ հունիսի 24-ին ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նրան ներկայացվել էր «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության» մեղադրանք։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ Ա․ Չալաբյանի նկատմամբ հետապնդման հիմնական դրդապատճառը քաղաքական է։ Ստորև ներկայացնում ենք գնահատման հիմնավորումները։
Մեղադրանքը
Ա․ Չալաբյանի ձերբակալման օրը՝ 2026թ․ հունիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) տարածել էր հետևյալ հայտարարությունը․
[…] Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն […]:
Ա․ Չալաբյանին ներկայացված մեղադրանքի և քրեական վարույթի առիթը իշխանամետ տելեգրամյան @bagramyan26 ալիքում հրապարակված ձայնագրությունն էր, որի ներբեռնված տարբերակը, ինչպես նաև սղագրությունը հասանելի են այստեղ։ Ա․ Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ «պարզված չէ ոչ այդ ձայնագրության աղբյուրը, ոչ էլ դրա իսկությունը»։
Գաղտնի ձայնագրությունը
Չորս րոպե 33 վայրկյան տևող ձայնագրությունը բաղկացած է առնվազն չորս հատվածից։
Առաջին հատվածում անհայտ անձը (ըստ ՔԿ-ի՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևը) հարցնում է, թե բացի ԱՊՀ և ՌԴ դիտորդների ներգրավումից, է՞լ ինչ կարող է անել, որպեսզի աջակցի «ընտրությունների մաքրությանը և թափանցիկությանը»։ Զրուցակիցը (ըստ ՔԿ-ի՝ Ա․ Չալաբյանը) պատասխանում է՝ «օրինակ՝ մեծ թվով ընտրողների ժամանումը․ Ռուսաստանից Հայաստան»։ Հատկանշական է, որ երրորդ անձը (ըստ ՔԿ-ի Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինան), զարմանում է, կարծելով, որ նրանք կարող են քվեարկել իրենց գտնվելու երկրում։ Ի պատասխան՝ զրուցակիցն ասում է, որ օրենքը արտերկրում քվեարկելու հնարավորություն տալիս է միայն դիվանագիտական առաքելություն իրականացնողներին։
Այնուհետև զրուցակիցները քննարկում են քվեարկելու համար քաղաքացիների՝ Հայաստան ժամանելու դժվարությունները (որոշակի ջանքերի, մոտիվացվածության և գումարի անհրաժեշտություն)։ Այստեղ զրուցակիցը (ըստ ՔԿ-ի՝ Ա․ Չալաբյանը) առաջարկում է կապվել տրանսպորտային կազմակերպության հետ, որն իրականացնում է ենթակառուցվածքների աշխատանքներ պետական գնումների շրջանակներում, Հայաստանի քաղաքացիությամբ իրենց աշխատակիցներին ապահովել Հայաստան ժամանելը և «ճիշտ քվեարկելը»։ Միևնույն ժամանակ զրուցակիցը առաջարկում է խոսել հայկական համայնքների հետ, որոնք նույնպես կարող են մասնակի կազմակերպել դա, քանի որ ունեն ընդհանուր հետաքրքրություն։ Խոսակցության առաջին հատվածն այստեղ ավարտվում է։ Մնացած հատվածներում խոսում են կոնտակտ պահելու տարբերակից և սոցիոլոգիական հարցերից։ Ամենավերջին հատվածում զրուցակիցը (ըստ ՔԿ-ի՝ Ա․ Չալաբյանը) ասում է․ «կսպասենք մեր հարցերի պատասխաններին, փորձեք մի փոքր օգնել մեզ։»։
Ներկայացված մեղադրանքի և փաստերի հակասությունները
Ըստ ՔԿ-ի հայտարարության՝ Ա․ Չալաբյանը «2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:»
ՔԿ-ի հայտարարության և ձայնագրության բովանդակության միջև կան էական հակասություններ։
• Նախ՝ ձայնագրությունն արվել է Հայաստանում (զրուցակիցները Հայաստանը հիշատակելի ասում են «այստեղ»), թեև ՔԿ-ի հայտարարությունից ստեղծվում է տպավորություն, որ խոսակցությունը տեղի է ունեցել արտերկրում։
• Երկրորդ՝ ընտրողների տեղափոխման հարցի քննարկման ժամանակ չի հնչում որևէ ակնարկ հարկադրանք կիրառելու մասին, թեև ՔԿ-ն կիրառել է «ստիպել» բառը։
• Երրորդ՝ ձայնագրության մեջ առկա չէ որևէ կոնկրետ քաղաքական ուժի հիշատակում և նրա օգտին քվեարկելու կամ չքվեարկելու ակնարկ։ Միակ արտահայտությունը, որը կարող էր մեկնաբանվել որպես կողմնորոշում, դա «ճիշտ քվեարկելն» է։ Այն վերագրելը որևէ քաղաքական ուժի օգտին կամայական է (ավելի մանրամասն՝ ստորև)։
• Չորրորդ կարևոր հակասությունը՝ ձայնագրության մեջ ՌԴ պաշտոնյաների կողմից ընտրողների տեղափոխմանն աջակցելու տարբերակին որևէ հավանություն կամ հաստատում չի եղել, թեև ՔԿ-ն հաստատված է համարել է, որ «ձեռք է բերվել համաձայնություն» ։
Նախաքննության ավարտից, այսինքն՝ դրա գաղտնիության ռեժիմի վերացվելուց հետո Ա․ Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել։ Ըստ հայտարարության՝ առաջադրված մեղադրանքում ձայնագրության ժամանակագրության մասին ձևակերպումն այլ է․ Ա․ Չալաբյանի հանդիպումը ՌԴ պաշտոնյաների հետ տեղի է ունեցել ոչ թե 2026թ․ մայիսին (ինչպես գրված էր ՔԿ հայտարարությունում), այլ փետրվարին։ Ըստ նոր մեղադրանքի՝ ձայնագրությունը արվել է 2026թ․ փետրվարի 4-ին՝ Երևան քաղաքի Զաքյան փողոցի 13/2 հասցեում գործող «Մինուր» սրճարանում։ Մնացած մասով մեղադրանքի ձևակերպումները գրեթե նույնն են, ներառյալ՝ ձայնագրությունում չհնչած «ցանկալի թեկնածուի» մասով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քաղաքացիներին քվեարկել ստիպելը։
Այս հանգամանքը խիստ կարևոր է նրանով, որ 2026թ․ փետրվարին Ա․ Չալաբյանը և իր առաջնորդած «ՀայաՔվե» նախաձեռնությունը համագործակցության հուշագիր էին ստորագրել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևեր» կուսակցության հետ։ Համագործակցությունը դադարեցվել էր 2026թ․ ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 29-ին «Հայաքվեն» նոր հուշագիր էր ստորագրվել արդեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։ Ստացվում է հետևյալ հակասությունը․ եթե ձայնագրությունն արվել է 2026թ․ փետրվարին (ինչպես նշված է մեղադրանքում) և այնտեղ չի լսվում որևէ ցանկալի քաղաքական ուժի անվանում, ինչու՞ է ՔԿ-ն «եզրակացրել», որ շահառուն պետք է լիներ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի հետ Ա․ Չալաբյանը չէր համագործակցում։
Պաշտպանական խմբի հայտարարությունում նշվում է նաև, Ա․ Չալաբյանը «ձերբակալվել և կալանավորվել է 2026 թվականի հունիսի 24-ին (այլ դատավորի կողմից)՝ այդ ձայնագրության հրապարակումից 17 օր անց։ Այդ ամբողջ ընթացքում նա որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել դիմել փախուստի և չի կատարել այլ հակաիրավական արարք, որը կհիմնավորեր նրա նկատմամբ որպես խափանման միջոց բանտային կալանք ընտրելը»։ Բացի այդ, պաշտպանները նշում են, որ կալանավորումից հետո, շուրջ մեկ ու կես ամսվա ընթացքում «չի հարցաքննվել որևէ վկա, այլ իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնց նա չէր էլ կարող խոչընդոտել (օրինակ՝ փորձաքննություն նշանակելը կամ բջջային օպերատորներին հարցումներ կատարելը)»։ Այս պնդումներից որևէ մեկը չի հերքվել ՔԿ-ի կողմից, ինչը վկայում է, որ Ա․ Չալաբյանին ազատությունից զրկելը պայմանավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված և միջազգային չափանիշներով ընդունված մինչդատական կալանքի համար անհրաժեշտ հիմքերով։ Ավելին՝ Ա․ Չալաբյանին ներկայացված մեղադրանքի և ձայնագրության բովանդակության միջև էական հակասություններն իրենց հերթին վկայում են, որ հետապնդման բուն նպատակը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։
Քաղաքական շարժառիթի առկայությունը վկայող փաստեր
2026թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում շրջանառվում էր Ռուսաստանից Հայաստան «100․000» ընտրողների ժամանելու սցենարը՝ որպես օտարերկրյա ազդեցության ռիսկ։
Ընտրություններից հետո Factor TV-ն և Infocom-ը կատարել էին համեմատություն՝ նախընտրական շրջանում և նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած անձանց քանակի վերաբերյալ։ Ըստ Factor TV-ի ՝ 2026 թ․ մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 13․390-ով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Օդային ճանապարհով ժամանող ՀՀ քաղաքացիների թիվը 2026թ․ ավելին է եղել նախորդ տարվանից ընդամենը 2․571-ով։ Infocom-ի հրապարակման համաձայն՝ 2026թ․ մայիսի 1-ից հունիսի 7-ը Ռուսաստանից Հայաստան ժամանած ՌԴ անձնագրերով մարդկանց քանակը եղել է 28․296-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատ։ Եթե անգամ բոլորն ունենային նաև ՀՀ անձնագիր (լինեին երկքաղաքացի), ապա ՀՀ ժամանածների իրական թիվն ամեն դեպքում ստացվելու էր անհամեմատ փոքր՝ ահազանգած 100․000-ից։
Ընտրություններին Ռուսաստանից Հայաստան ընտրողների զանգավածաբար ժամանելու թեզը շահարկում էին նաև իշխանությունները․ Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Գևորգ Պապոյանը՝ ԱԺ գալիք ընտրություններին «Ռուսաստանից 100.000 ընտրողների» ժամանելու վերաբերյալ հարցին պատասխանել էր այսպես.
«Ես շատ ուրախ եմ, որովհետև Ա) այդ մարդկանց մեծ մասը, մեր հարցումները ցույց են տալիս, որ մեզ են ընտրելու, Բ) այդ մարդիկ մեզ պետք են, որովհետեւ հիմա հավաքներ են անցկացվում՝ մեկամսյա, (վարժական)… այո, և շատ լավ կլինի եթե էդ 100.000 մարդուց ասենք մի 30-40 հազարը կմնա էստեղ՝ կուղարկենք վարժական հավաքների։ Մի երկու ամիս վարժական հավաքի կմասնակցեն, հետո կվերադառնան Կալուգա։ Ի՞նչ է, ի՞նչ խնդիր կա»։ Ռուսաստանից Հայաստան ժամանող ընտրողներին վարժական հավաքների (զինվորական ծառայության) ներգրավելու մասին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ենթադրելով, որ նրանք ընտրակաշառք են ստացել, որպեսզի քվեարկեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Հետապնդման գերիշխող նպատակը
Ա․ Չալաբյանին վերագրված մեղադրանքը համահունչ է 2026թ․ նախընտրական փուլում շրջանառվող՝ Ռուսաստանից Հայաստան «100․000 ընտրողների» զանգվածային ժամանման թեզի հետ, որը վիճակագրական տվյալներով այդպես էլ չհաստատվեց։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև Ա․ Չալաբյանին ներկայացված մեղադրանքի խիստ անհամապատասխանությունը նրան վերագրվող ձայնագրության և ժամանակագրության հետ վկայում են, որ հետապնդման իրական նպատակը իշխանություններին ձեռնտու քաղաքական թեզն ամրապնդելն էր և քաղաքական մրցակիցներին վարկաբեկելը։
Հետապնդման քաղաքական դրդապատճառները
1․ Վարկաբեկել քաղաքական մրցակիցներին։
2․ Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։
Լրացուցիչ տեղեկություններ
Ավետիք Չալաբյանը 2023 թ․ դեկտեմբերի 21-ին դատապարտվել էր 2․5 տարվա ազատության սահմանափակման ՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Նա մեղադրվում էր «հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ գործող խմբագրությամբ այդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Դրա պատճառով հավաքի կազմակերպիչները կարող են հետապնդվել այնպիսի նյութական խթաններ տրամադրելու համար, ինչպիսիք են ցուցարարների տրանսպորտի, սննդի, կացարանի կամ այլ կազմակերպչական ծախսերը, որոնք չպետք է արգելված լինեն։ Մանրամասները հասանելի են Հայաստանի հելսինկյան կոմիտեի և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի՝ 10․01․2024թ․ համատեղ զեկույցում
«Վարժական հավաքներ» զինվորական ծառայության տեսակի՝ որպես պատիժ կիրառելու վերաբերյալ ավելի մանրամասն տե՛ս ՔԻՀԿ 04․06․2026թ․ հայտարարությունը և 09․12․2024թ․ «Վարժական հավաքներ. «օրենքով նախատեսված» խտրականություն» զեկույցը։