
Կարո Օկումուշյան
Մեղադրանք
Ահաբեկչության նախապատրաստություն (ՀՀ ՔՕ հոդված 43-308), իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն (ՀՀ ՔՕ 43-419)
Խափանման միջոցներ
| Տեսակ | Ժամանակահատված | Տևողություն |
|---|---|---|
| Կալանք | 25 հունիսի 2025 – 25 նոյեմբերի 2025 | |
| Տնային կալանք | 25 նոյեմբերի 2025 – 26 հունիսի 2026 | |
| Վարչական հսկողություն | 26 հունիսի 2026 – շարունակվում է |
Փաստեր և հիմնավորումներ
2025թ․ հունիսի 25-ի վաղ առավոտյան, ԱԱԾ-ն խուզարկել էր «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների բնակարանները։ Արդյունքում կալանավորվել էին 18 հոգի, այդ թվում շարժման աջակից Կարո Օկումուշյանը։
Զուգահեռաբար ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր խուզարկությունների արդյունքում գտնված առարկաները և շարժման անդամների գաղտնալսումները։ Գաղտնալսումները մանրամասն մոնտաժվել էին այնպես, որ շարժման անդամների պլանավորած քաղաքացիական անհնազանդության գործողությունները ներկայացվել էին որպես ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն․
- Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր աջակից Հովհաննես Ավետիսյանի անձնական զրույցը պետությունների պաշտպանական համակարգերի և մահապատժի կիրառելիության մասին ներկայացվել էր որպես բողոքի ցույցերի ընթացքում մարդկանց կյանքից զրկելու մտադրություն։ Ձայնագրության մոնտաժման բնույթը վկայում է, որ դա արվել է դիտավորյալ՝ հանրությանը մոլորեցնելու նպատակով։
- Շարժման անդամների կողմից մտադրված քաղաքացիական անհնազանդության գործողությունների պլանավորման քննարկումները հատվածաբար ներկայացվել էին այնպես, որ դուրս էին թողնվել բռնություն կամ կյանքի համար վտանգավոր մեթոդներ կիրառելու անթույլատրելիության մասին նրանց հայտարարությունները։
- Տարբեր երկրներում քաղաքացիական անհնազանդության ընթացքում կիրառվող առարկաները ներկայացվել էին որպես ահաբեկչության նախապատրաստության ապացույցներ (օրինակ՝ ծխային գլանակներ, աերոզոլային ներկեր, ճայթուկներ)։
- Գաղտնալսումներում առկա չէ շարժման պլանավորած անհնազանդության գործողությունների ընթացքում զենքի գործադրման որևէ ակնարկ։ Այդուհանդերձ, քննչական կոմիտեն հրապարակվել էր շարժման որոշ անդամների բնակարաններից առգրավված օրինական զենքերի լուսանկարները, փորձելով մոլորեցնել հանրությանը։
Քրեական վարույթի ողջ նախաքննության ընթացքում՝ շուրջ մեկ ու կես ամիս, փաստաբաններին արգելված էր հրապարակել որևէ բան գործի նյութերից։ Արդյունքում հանրությանը հասանելի էին միայն մոնտաժված գաղտնալսումները և շարժման անդամների մասին իշխանության ներկայացուցիչների՝ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտող հայտարարությունները։
Շարժման անդամների ձերբակալությանը անմիջապես նախորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումը՝ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում» գրառմամբ։
Հետապնդման բոլոր մանրամասները, համատեքտը, գաղտնալսումների վերլուծություններն ու սղագրությունները հասանելի են «Անարդարադատությունը Հայաստանում. 2025թ. զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս Ա (մայիս-սեպտեմբեր)» ՔԻՀԿ զեկույցում։
Հետապնդման քաղաքական դրդապատճառները
● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել մասնակցությանը քաղաքական գործընթացներին։
● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։
Լրացուցիչ տեղեկություններ
2026թ․ մայիսի 11-ին ՄԱԿ-ի հինգ հատուկ զեկուցողներ և Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը պաշտոնական հաղորդակցության շրջանակներում մտահոգություն են արտահայտել «Սրբազան պայքար» շարժման անդամների նկատմամբ հակաահաբեկչական օրենսդրության լայն մեկնաբանության և առերևույթ չարաշահման, պետական պաշտոնյաների կողմից ստորացնող արտահայտությունների վերաբերյալ և ՀՀ կառավարությանը ներկայացրել հարցադրումներ։