Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը
ՔԻՀԿ մեթոդաբանությունը
Ի՞նչ է քաղաքական հետապնդումը
Մարդու իրավունքների մեծ մասը բացարձակ չեն, այսինքն՝ որոշակի պայմաններում իրավաչափորեն կարող են սահմանափակվել։ Իրավաչափ պատճառ կարող է լինել, օրինակ, այլոց իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։ Քաղաքական հետապնդումը իրավունքի ցանկացած այնպիսի սահմանափակումն է, անձի նկատմամբ իրականացված ճնշումը կամ հավելյալ պարտականությունների ստեղծումը, որը կատարվել է քաղաքական դրդապատճառներով։
Ովքե՞ր են քաղաքական հետապնդում իրականացնողները
Քանի որ քաղաքական հետապնդումը մարդու իրավունքների (ոչ իրավաչափ) սահմանափակման տեսակ է, ապա կարող է իրականացվել պետության կողմից կամ պետք է վերագրելի լինի պետությանը։ Այսինքն, քաղաքական հետապնդում կարող են իրականացնել․
- Իշխանությունը՝ պաշտոնյաները և պետական մարմինները,
- Ցանկացած այլ սուբյեկտ, ում արարքները խրախուսվում, հրահրվում, կազմակերպվում կամ կառավարվում են իշխանության կողմից։
Ո՞րն է քաղաքական հետապնդման դրդապատճառը
Քաղաքական հետապնդման դրդապատճառները կարող են տարբեր լինել։ Դրանց նպատակը, որպես կանոն, իշխանության համար ավելի «բարենպաստ» իրավիճակ ստեղծելն է՝ քննադատությունը նվազեցնելը, քաղաքական մրցակիցներին թուլացնելը, իշխանական լծակներն ամրապնդելը և այլն։
Մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ ազդեցության տեսակետից քաղաքական հետապնդումները կարող են ունենալ հետևյալ ներգործության նպատակը․
- Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
- Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։
- Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։
Ո՞վ է քաղաքական հետապնդման զոհը
Քաղաքական հետապնդման զոհ հաճախ լինում են իշխանության քննադատները կամ քաղաքական մրցակիցները։ Սակայն էականը ոչ թե անձի կարգավիճակն է, այլ նրա իրավունքի սահմանափակման իրական դրդապատճառը։ Հետևաբար՝ քաղաքական հետապնդման զոհ կարող է լինել․
- Ցանկացած անձ կամ անձանց խումբ, ում իրավունքները խախտվում կամ սահմանափակվում են քաղաքական դրդապատճառներով։
- Ցանկացած անձ, ում իրավունքները խախտվում կամ սահմանափակվում են այլ անձի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով ճնշում գործադրելու նպատակով։
Անձի՝ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական համարելու կամ չհամարելու փաստն ինքնին հիմք չէ հետապնդումը այդպիսին որակելու համար։ Սակայն, ելնելով չվնասելու սկզբունքից, հետապնդման ենթարկվող անձի կամ իր պաշտպանի կարծիքը պետք է հաշվի առնվի, եթե նրա հետապնդումը հանրայնացնելը կարող է անմիջականորեն հանգեցնել վատ հետևանքների։
Ինչպե՞ս ենք վերհանում հետապնդման քաղաքական դրդապատճառը
Հետապնդման քաղաքական դրդապատճառի առկայությունը կամ բացակայությունը վերհանելու համար պետք է համադրել իրավունքի սահմանափակումը տվյալ իրավունքի չափանիշների, գործի հանգամանքների և հետապնդման համատեքստի հետ։ Ժամանակակից միջազգային չափանիշների համաձայն՝ մարդու իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես հետևյալ երեք պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
- Իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,
- Այն հետապնդում է իրավաչափ նպատակ,
- Նման սահմանափակումը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։
Այսինքն՝ եթե անգամ որևէ իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով, սակայն սահմանափակման նպատակն իրավաչափ չէ, ապա գործ ունեքն իրավունքի խախտման հետ։
Իրավունքի սահմանափակման նպատակը գնահատելը հենց քաղաքական դրդապատճառի առկայության կամ բացակայության վերհանումն է։ Եթե այն առավելապես պայմանավորված է քաղաքական դրդապատճառով, այլ ոչ թե տվյալ իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքով, ապա առկա է քաղաքական հետապնդում։
Որո՞նք են քաղաքական հետապնդման վերհանման իրավական աղբյուրները
Նկարագրված մոտեցումը բխում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածից և դրա վերաբերյալ Դատարանի մեկնաբանություններից։ Կոնվենցիայի այս հոդվածն իշխանության չարաշահման դեմ երաշխիքներից է․
Հոդված 18 Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները
Նշված իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:
Ըստ եռաստիճան թեստի՝ ցանկացած իրավունքի սահմանափակում, բացի օրենքով նախատեսված և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինելուց, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ։ Յուրաքանչյուր իրավունքի համար Կոնվենցիան նախատեսում է իրավաչափ նպատակների սպառիչ ցանկ, որոնք թվարկված են համապատասխան հոդվածի 2-րդ մասում։
Օրինակ՝
Հոդված 9. Մտքի, խղճի և կրոնի ազատություն
- Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
- Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։
Երկրորդ մասում նկարագրված հիմքերը՝ «ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի․․․» հենց այն նպատակներն են, որոնց առկայության պարագայում իրավաչափ է առաջին մասով երաշխավորված իրավունքի սահմանափակումը։ Այսինքն, եթե իշխանությունները սահմանափակեն կրոնի ազատությունը, որպես նպատակ մատնանշելով պետական անվտանգությունը, որը ներառված չէ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասում, ապա իրավաչափ նպատակը կբացակայի։ Հետևաբար՝ կխախտվի Կոնվենցիայի 18-րդ հոդվածի պահանջը՝ «սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»։
Մինչև 2017 թ․ Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոնվենցիայի 18-րդ հոդվածը մեկնաբանվել է նեղ։ Այսինքն՝ 18-րդ հոդվածի խախտումն արձանագրվում էր այն դեպքում, երբ գործի փաստերից ուղիղ բխում էր, որ իրավունքի սահմանափակման նպատակն այլ է։ Օրիանակ՝ 2004թ․ Գուսինսկին ընդդեմ Ռուսաստանի գործում Գազպրոմին պարտքեր ունեցող լրատվամիջոցի խոշոր բաժնետերն ազատությունից զրկվել էր խարդախության մեղադրանքով։ Այնուհետև՝ Գուսինսկին առաջարկ էր ստացել քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց իր բաժնետոմսերը փոխանցել Գազպրոմին, ինչին համաձայնել էր։ ՄԻԵԴ-ը եզրակացրել էր, որ հետապնդման նպատակը ոչ թե ենթադրյալ խարդախության բացահայտումն էր, այլ տնտեսական գործարքը կատարելը։
Կոնվենցիայի 18-րդ հոդվածի «վերածնունդը» եղավ 2017 թվականին՝ Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի գործով։ Որոշմամբ Եվրոպական դատարանը ձևակերպեց իրավունքների սահմանափակման «այլ նպատակի» նոր չափանիշ։ Այլ՝ ոչ իրավաչափ նպատակը պետք է լինի իրավունքի սահմանափակման համատեքստում գերիշխողը, սակայն կարող է լինել ոչ միակը։
Քաղաքական հետապնդման առկայություն կամ բացակայությունը վերհանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել իրավունքի սահմանափակման պատճառները․ արդյո՞ք գերիշխողն իրավաչափ նպատակն էր, թե այլը (այս դեպքում՝ քաղաքական շարժառիթը)։ Այդ նպատակը վերհանելու համար էական են․
- Գործի հանգամանքները՝ անձի հետապնդման համար ընտրված ժամանակը, դրա տևողությունը և բնույթը, անձի կարգավիճակը, պետական պաշտոնյաների հայտարարությունները, առանձնահատուկ (բացասական) վերաբերմունքը, մեղադրանքի հիմնավորվածությունը և այլն։
- Ընդհանուր միջավայրը՝ քաղաքական և իրավական համատեքստը, դատարանների՝ գործադիր իշխանությունից բավարար ակախ չլինելը և այլն։
ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով հաստատված այս և այլ չափանիշները հասանելի են Կոնվենցիայի 18-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույցում։
Քաղաքական հետապնդման դրսևորումները․ «քաղաքական հետապնդման ենթարկվող» և «քաղաքական բանտարկյալ»
Ինչպես վերը նկարագրվեց, իրավունքի սահմանափակումը, որի հիմնական նպատակը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով, քաղաքական հետապնդում է։ Քրեական հետապնդման համատեքստում այն կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել ազատությունից զրկելով՝ կախված կիրառված խափանման միջոցից։
Ըստ 2012թ․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշակած քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)), այդպիսին է համարվում այն անձը, ով զրկվել է իր անձնական ազատությունից հետևյալ պայմաններերից որևէ մեկի արդյունքում․
● Երբ անձը ազատությունից զրկվել է հիմնարար իրավունքի խախտմամբ,
● Առնչություն չունի իրավախախտման հետ,
● Ազատազրկման ժամկետը կամ պայմանները անհամաչափ են,
● Ազատազրկումը խտրական է,
● Դատավարությունն անարդար է։
Բանաձևը հասանելի է ԵԽԽՎ կայքում, իսկ ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը՝ այստեղ։
Արդյո՞ք տնային կալանքը «ազատազրկում» է
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ տնային կալանքը, հաշվի առնելով դրա աստիճանն ու ինտենսիվությունը, համարվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ազատությունից զրկում (տե՛ս, ի թիվս այլոց, Mancini v. Italy, թիվ 44955/98, պարբ․ 17, ECHR 2001-IX, Lavents v. Latvia, թիվ 58442/00, պարբ․ 64-66, 28 նոյեմբերի 2002 թ., Nikolova v. Bulgaria (no. 2), թիվ 40896/98, պարբ․ 60, 30 սեպտեմբերի 2004 թ., Ninescu v. the Republic of Moldova, թիվ 47306/07, պարբ․ 53, 15 հուլիսի 2014 թ., և Delijorgji v. Albania, թիվ 6858/11, պարբ․ 75, 28 ապրիլի 2015 թ.)։
Քանի որ ԵԽԽՎ 1900 բանաձևում չափանիշը անձնական ազատությունից զրկված լինելն է, ապա քաղաքական դրդապատճառներով հետապնդվողը, ում նկատմամբ կիրառվել է տնային կալանք, քաղաքական բանտարկյալ է։