
Սամվել Կարապետյան
Մեղադրանք
Իշխանությունը զավթելուն [...] ուղղված հրապարակային կոչերը (ՀՀ ՔՕ hոդված 422, մաս 2), հետագա մեղադրանքները՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը (ՀՀ ՔՕ hոդված 290), փողերի լվացումը (ՀՀ ՔՕ hոդված 296)
Խափանման միջոցներ
| Տեսակ | Ժամանակահատված | Տևողություն |
|---|---|---|
| Կալանք | 18 հունիսի 2025 – 30 դեկտեմբերի 2025 | |
| Տնային կալանք | 30 դեկտեմբերի 2025 – շարունակվում է |
Փաստեր և հիմնավորումներ
2025թ. հունիսի 17-ին Ս. Կարապետյանը աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի սպասավորները շուրջ մեկ ամիս է Ն. Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների քննադատությունների և հայհոյախառը հայտարարությունների թիրախում են։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Եկեղեցու դեմ արշավի մասին, Ս. Կարապետյանը պատասխանել էր․
«Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։:
Հարցազրույցին անմիջապես հետևել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ ֆեյսբուքյան գրառումները․
«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ։»
Ս․ Կարապետյանի հետապնդումն իրականացվել է գործադիր իշխանության՝ վարչապետի ուղղորդմամբ։ Նրան վերագրված հանցակազմը մեկնաբանվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասով, որով սահմանված է «իշխանությունը զավթել» հասկացությունը։ Ըստ սահմանման՝ իշխանությունը զավթելը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալն է։
Մինչդեռ Ս. Կարապետյանը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի ձևով գործողություն կատարելու որևէ կոչ չի հնչեցրել։ Առավել ևս կոչը չի արվել բռնությամբ կամ դրա սպառնալիքի կիրառմամբ տիրանալու պետական մարմինների լիազորություններին։ Ուստի Ս. Կարապետյանի հայտարարությունն անգամ ուռճացված մեկնաբանությամբ չէր կարող հանցագործություն համարվել։ Ավելին՝ այն պաշտպանված քաղաքական խոսք է, քանի որ արտահայտման ազատությամբ երաշխավորված է բոլորի իրավունքն առանց վախի արտահայտելու իրենց կարծիքներն ու գաղափարները, նույնիսկ եթե դրանք հակասում են պաշտոնական մարմինների կողմից պաշտպանվող կարծիքներին կամ նույնիսկ նյարդայնացնում կամ ցնցում են վերջիններիս։
Հետապնդման մանրամասն նկարագրությունը և պնդումների հիմնավորումները հասանելի են 20․06․2025թ․ ՔԻՀԿ հայտարարությունում և «Անարդարադատությունը Հայաստանում. 2025թ. զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս Ա (մայիս-սեպտեմբեր)» զեկույցում (էջ․ 13-17)։
Հետապնդման քաղաքական դրդապատճառները
● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։
● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։