Հայաստանում քրեականացված ատելության խոսքի հոդվածների (329-րդ և 330-րդ) կիրառման գործելաոճը ոչ իրավաչափ է։ Հոդվածների պաշտպանվող հատկանիշները մեկնաբանվում են կամայականորեն՝ կոպտորեն հակասելով ատելության խոսքի վերաբերյալ միջազգային չափանիշներին, ներառյալ՝ ԵԽ նախարարների կոմիտեի մշակած «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականի։ Մյուս կողմից՝ իրական պաշտպանվող հատկանիշները, որոնք անձի ինքնության կարևոր մասն են, գրեթե չեն վկայակոչվում քրեական գործերում։
Վարույթների ճնշող մեծամասնությունում կոչերը կամ խոսքը պայմանավորված են պաշտոնյաների վարած քաղաքականությամբ, ինչը խեղաթյուրված նույնացվում է քաղաքական հայացք պաշտպանվող հատկանիշին։ Դրա հետևանքով պետական պաշտոնյաներին ուղղված թույլատրելի քննադատության շեմը (որը պետք է ավելի բարձր լիներ այլ քաղաքացիների համեմատ) արհեստականորեն իջեցվում է՝ դառնալով կոշտ քննադատությունից պաշտպանվելու ոչ իրավաչափ գործիք։ Հաշվի առնելով, որ 2026թ․ ապրիլի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ուղենիշային դիրքորոշմամբ հաստատել է և նախադեպային իրավական ուժ տվել նման մեկնաբանությանը, գտնում ենք, որ ՀՀ ՔՕ 329-րդ և 330-րդ հոդվածների այսպիսի կիրառումն այլևս արտահայտման ազատության և անձնական ազատության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման համակարգային խնդիր է։
Հետևաբար՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նշված հոդվածների կիրառմամբ և «քաղաքական հայացքներ» պաշտպանվող հատկանիշի նման մեկնաբանությամբ ներկայացվող մեղադրանքները գնահատելու է՝ որպես քաղաքական հետապնդում։
Զեկույցի հրապարակման օրը 330-րդ հոդվածի կամայական մեկնաբանության մեղադրանքով անազատության մեջ է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Նա կալանավորվել էր 2026թ․ մայիսի 21-ին և հայտարարել հացադուլ։ Ա․ Օսիպյանի դեմ քրեական հետապնդման, առավել ևս՝ ազատազրկման իրավական որևէ հիմք չկա։ Նա հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով՝ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին ուղղված քննադատության և կոշտ խոսքերի համար, որի արդյունքում ենթարկվել է կամայական կալանավորման։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
