
Հայտարարություն զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին
Մեկ շաբաթվա ընթացքում նույն վարույթով երկրորդ անգամ ձերբակալվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը։ Սա այն դեպքում, երբ առաջին ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ և զինվորի հայրն ազատվել էր ապօրինի ձերբակալումից, սակայն երկու օր անց կալանավորելու նպատակով կրկին ձերբակալվել է. այս մասին ահազանգել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը [1]։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը խտրական դատավարության արդյունքում դատապարտվել է 2 տարվա բանտային ազատարկման։ Ավելին, թեպետ Գալեյանի պաշտպանները բողոքարկելու են վճիռը և վերաքննիչ դատարանը դեռ պետք է որոշի, թե արդյոք այն կմնա անփոփոխ, սակայն դատավորի մեկ այլ որոշմամբ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ [2]
Այսպիսով, հաշվի չառնելով այն, որ ազատազրկման վերաբերյալ վճիռը կարող է ուժի մեջ և չմտնել, Գալեյանի ազատությունն արդեն սահմանափակել են տնային կալանքով։
2023թ. հակաիրավական քրեական որակումների և առերևույթ քաղաքական ճնշումներով ուղղորդվող քրեական վարույթի արդյունքում դատապարտվել էր նաև զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը (Մարտիրոսյան) [3]:
2022թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության կարմիբերետավոր ծառայողները բիրտ ուժ են կիրառել Եռաբլուրում խաղաղ ակցիա իրականացնող զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 6 ծնող տուժող էր ճանաչվել, սակայն երկու տարի անց բռնություն կիրառած ոստիկաններից ոչ ոքի մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել։ [4], [5]։
Ուսումնասիրելով վերոնշյալ դեպքերն ու հայտարարությունները՝ ՔԻՀԿ-ն արձանագրում է, որ հիմնարար իրավունքների խախտման, անարդարացի դատավարության և խտրական քրեական վարույթների թիրախում, ինչպես նաև ոստիկանական բռնության գործերի թերի քննությունների տուժող կողմում են հայտնվում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող ծնողները, որոնք հանդես են գալիս սուր քննադատությամբ և 2020թ. պատերազմի ընթացքում կոնկրետ դեպքերով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն դատապարտում է զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները՝ միաժամանակ արձանագրելով, որ դրանք մեդիատիրույթում ուղեկցվում են տարբեր դերակատարների կողմից զոհված զինծառայողների ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններով։
Կոչ ենք անում իրավապահ և դատական մարմիններին իրենց լիազորություններն իրականցնելիս առաջնորդվել բացառապես օրենքով և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներով՝ զերծ մնալով խտրականությունից և քաղաքական իշխանության ուղղորդումներին ենթարկվելուց։
[1] Տե’ս փաստաբան Վարդուհի Սարգսյանի գրառումը https://www.facebook.com/vard.sargsyan.1/posts/pfbid078kvHWAr4GXTmYhnAio7FEmeWirY9FK88V34tTABHZkaxi8RZy3pRJ3wwpdWYdrNl
[2] Տե’ս փաստաբան Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը https://arm.sputniknews.ru/20250117/datarany-garik-galejanin-datapartec-2-tari-azatazrkman-pastaban-84864762.html
[3] Տե’ս «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը https://arm.sputniknews.ru/20230609/varchapetn-ishkhanutjunn-ogtagvortsum-e-zvohvats-zinvvori-mvorn-ahabekelu-hamar-zvohrabjan-60935276.html
[4] Տե’ս Փաստինֆո ԶԼՄ հրապարակումը https://www.pastinfo.am/hy/news/2022/10/04/mrqlblvpa/1470687
[5] Տե’ս տուժող Գոհար Դավթյանի հարցազրույցը https://www.azatutyun.am/a/32232567.html